Էջ:Վերք Հայաստանի 77.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակություն կանի անփող, բաս խելքդ ի՞նչ տեղ ա, էսպես ընտիր իշխանքը, էսպես բարեսիրտ ազգը վարժատուն շինելուց, մեկզմեկու օգնելուց կփախչի՞ն, որ մեկ համն առնին: Ջուրը դարիդուս չի՛ գնալ, սիրելի՛, չի՛: Ճամփեն գտի՛ր, առուն սրբի՛ր, քար ու քոլ դեն ածա՛, տեսնիմ, թե ջուրն ինքն իրան կգա՞, թե չէ՛: Բանը երկարացավ, լսողը չի՛ նեղանա, էլի գնա՛նք մեր դժոխքը:

Հե՛րիք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձե՛ռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլավ քեզ: Ա՜խ, ինչպես ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն-սիրուն, լուսաշաղախ աղջըկերքը, բաս մեկ ողորմի էլա չի՛ պետք է ասե՞նք, որ երեսների վրա, քարի, ավազի, փշի, տատասկի վրով՝ մազըներիցը բռնած, քարքաշան անելով, գլխըներին խփելով, մեջքըներին ղամշելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լաբչընի նալչով տալով յա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հարիր վերստ տեղից, հերնըմերն ետևներիցը ընկած, քիր, ախպեր՝ բոբիկ ոտով յա գլխաբաց, քեռի, փեսա, ազգական՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին, բերդն ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրքացնեն: Շատը հենց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին, հորն ու մոր աչքի առաջին, էն կյանքը գնում, ուր ցավ, ուր վիշտ էլ չկա: Շատի սիրտն էլ որ մի քիչ պինդ էր ըլում, ընչանք ա, բերդն էր հասնում, հաջի, մոլլա, քյալբալայի, սուխտա, խան, բեկ, ախունդ, սեիդ վրա էին թափում, որ յա խաբնով հավատից հանեն, յա պատժով, բայց տեսնելով, որ նրանք ո՛չ փառքից են խաբվում, ո՛չ պատժից վախում, ո՛չ խանզադության թամահ անում, ո՛չ մահից ահ քաշում ու ուզում էին՝ Քրիստոսի հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց դասը դասակվին, իրանց սուրբ հավատը չէին ուրանում, պատիժ, պատուհաս, սուր, հուր, բոց, կրակ, սով, մահ, մեկն էլա աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորնըմորը տալիս, որի լուսաթաթախ լաշը, որի ձեռն ու ոտը: Աղջիկ, ու էսքան սի՞րտ… քար ըլեր՝ կպատռեր: Աստված նրանց հոգին լուսավորի:


<4>


Էս սիրտը, է՛ս հավատը, է՛ս հոգին, է՛ս սերն ուներ Հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի, երկիր, աշխարհ, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, գերություն, ղարիբություն, տանջանք,